Վերապատրաստումների և բանավեճի մրցաշարի հրավեր
Շիրակի և Արարատի մարզի դպրոցներին
/ՔՀԿ-ներին

Բանավեճը ճշմարտությանը հանգելու լավագույն ճանապարհներից է։ Սակայն մինչ այդ հարկավոր է ձեռք բերել գիտելիքների մեծ պաշար և կարողություններ։ Հե՛նց այս գաղափարի շուրջ էլ միասին աշխատելու ենք այս տարի։

Բոլորը հանուն հավասար իրավունքների հիմնադրամը և Քոլսոն երիտասարդական կենտրոնը «Կոռուպցիա․ Shift+Delete» ծրագրի շրջանակում մեկնարկում են Շիրակի և Արարատի մարզի ավագ դպրոցների աշակերտների և ՔՀԿ-ների շահառուների կարողությունների զարգացման նախագիծ, որին մասնակցելու համար հարկավոր է լրացնել առցանց հայտը

Ի՞նչ է սպասվում նախագծի մասնակիցներին
Փուլ 1. Վերապատրաստում
Նախագծին ներգրավված հաստատությունների բանավեճի թիմերը և իրենց ուսուցիչները (5 աշակերտ/մասնակից և 1-2 ուսուցիչ) կմասնակցեն երկօրյա դասընթացների, որոնք նվիրված կլինեն մարդու իրավունքներին, համայնքների կառավարմանը, տեղեկատվության ազատությանը, մեդիագրագիտությանը, քննադատական մտածողությանն ու փաստերի ստուգմանը։ Այս բոլոր թեմաների հիմքում կլինի կոռուպցիայի դեմ պայքարը։ Աշակերտները և ուսուցիչները կմասնակցեն նաև բանավեճի հմտությունների զարգացմանն ուղղված դասընթացին, որի ընթացքում կծանոթանան բանավեճի ձևաչափին, գնահատման կարգին ու մոտեցումներին։ Դասընթացները տեղի կունենան Շիրակի և Արարատի մարզերում։
Շիրակի մարզ (Գյումրի) – փետրվարի 25-26
Արարատի մարզ (Արարատ) – մարտի 11-12

Փուլ 2. Բանավեճի մրցաշար
Մասնակից հաստատություններին կտրամադրվեն բանավեճերի թեմաներ, այնուհետև տեղի կունենա վիճակահանություն, որի միջոցով կպարզվեն միմյանց դեմ բանավիճող կառույցների զույգերը։ Թեմաների և զույգերի բաշխման աշխատանքներից հետո թիմերին կհատկացվի ժամանակ, որպեսզի թիմերն ուսուցիչների աջակցությամբ և ստացված գիտելիքների կիրառմամբ հավաքագրեն բավարար չափով տեղեկություններ և նախապատրաստվեն բանավեճին։ Ավելի ուշ կմեկնարկի բանավեճի մրցաշարը, որի արդյունքում պարզ կդառնա Շիրակի և Արարատի մարզերի առավելագույն միավորներ հավաքած թիմերի անունները։

Փուլ 3. Եզրափակիչ հեռուստաբանավեճ
Մարզային բանավեճերի թիմերի համար կկազմակերպվի հեռուստաբանվեճ, որը կնկարահանվի և կցուցադրվի երևանյան կամ մարզային հեռարձակվող հեռուստատեսության եթերում։ Մասնակից թիմերը կստանան խրախուսական պարգևներ։

Ովքե՞ր կարող են մասնակցել
Այս նախագծին կարող են մասնակցել Շիրակի և Արարատի մարզերի քաղաքային և գյուղական համայնքների դպրոցները, որոնք ունեն բանավեճի թիմեր։ Կարող են մասնակցել նաև մարզային քաղաքացիական հասարակության կառույցներ, որոնց շահառուները խոցելի խմբեր են։ Բանավեճի թիմերը պետք է բաղկացած լինեն 5 աշակերտից/մասնակցից և մեկ ուսուցիչ-մենթորից։ Թիմերը կարող են ունենալ նաև պահուստային խաղացողներ և ևս մեկ ուսուցիչ-մենթոր, որոնք նույնպես կարող են ներկա լինել և մասնակցել նախագծի բոլոր փուլերին։

Ինչպե՞ս մասնակցել
Մասնակցելու համար հարկավոր է լրացնել առցանց հայտը դիմորդ կառույցի անունից։ Առցանց հայտում անհրաժեշտ է լրացնել բոլոր հարցերի պատասխանները, ներկայացնել թիմի անդամներին։ Դիմորդների կողմից լրացված հայտերը կդիտարկվեն նախագիծն իրականացնողների կողմից, որից հետո կընտրվեն մասնակից հաստատությունները։ Ընտրությունը կարող է պայմանավորված լինել մեծաքանակ հայտերի ստացման պարագայում, հակառակ դեպքում նախագծին կմասնակցեն բոլոր դիմորդները։ Հայտերը հարկավոր է լրացնել մինչև 2023 թվականի փետրվարի 15-ը ներառյալ։ Ոչ հայատառ և թերի լրացված հայտերը չեն դիտարկվի։

Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել նախագիծն իրականացնող կառույցների հաղորդակցության համակարգողների հետ՝

  • Շիրակի մարզ — Սոնա Սարգսյան, Բոլորը հանուն հավասար իրավունքների հիմնադրամի հաղորդակցության համակարգող, էլ․ փոստ՝ [email protected]
  • Արարատի մարզ — Լիլիթ Այվազյան, Քոլսոն երիտասարդական կենտրոնի հաղորդակցության համակարգող, էլ․ փոստ՝ [email protected]

 

Այս միջոցառումն իրականացվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով:

Last modified: