Ժամանակակից մեդիա հարթակներում հանրային քննարկումները հաճախ են հատում էթիկական և իրավական սահմանները, ինչը լրատվամիջոցներից պահանջում է պատասխանատու խմբագրական վարքագիծ։ Թվային տիրույթում ատելության խոսքի և հատկապես կանանց թիրախավորման աճող միտումներին հակազդելու նպատակով՝ «Հայաստանում կանանց թիրախավորող ատելության խոսքի հայտնաբերում և հակազդում» ծրագրի շրջանակում «Բոլորը հանուն հավասար իրավունքների» հիմնադրամի, «Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ» ՀԿ-ի և ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմնի կողմից մշակվել է «Մեկնաբանությունների մոդերացիայի խմբագրական քաղաքականությունը»։ Այս փաստաթուղթը լրատվամիջոցներին տրամադրում է հստակ սկզբունքներ և գործնական մեխանիզմներ՝ օգտատերերի կողմից գեներացվող բովանդակությունը կառավարելու համար՝ թույլ տալով պաշտպանել խոսքի ազատության իրավունքը՝ միաժամանակ կանխելով վիրավորական ու թիրախավորող նյութերի տարածումը։
Քաղաքականության մեջ ամրագրված էթիկական չափանիշներն առավել արդյունավետ կիրառելու համար ներդրվել է moderAItor արհեստական բանականության գործիքը։ Այն թույլ է տալիս խմբագրություններին ավտոմատացված կերպով նույնականացնել և զտել վտանգավոր բովանդակությունը՝ ապահովելով թափանցիկության և օբյեկտիվության բարձր չափանիշներ։ Տեխնոլոգիական այս լուծումը քաղաքականության գործնական մարմնավորումն է, որը մոդերացիայի գործընթացը դարձնում է ավելի արագ և վստահելի՝ նվազագույնի հասցնելով սուբյեկտիվ գործոնը և նպաստելով թվային անվտանգությանը։
Այս ամբողջական համակարգի գործարկման և կողմերի միջև ձևավորված գործընկերության ինստիտուցիոնալ երաշխիքը դարձավ եռակողմ ստորգրված հուշագիրը։ Այն չի սահմանափակվում միայն փոխգործակցության պաշտոնականացմամբ, այլև ծառայում է որպես միասնական շրջանակ, որն ապահովում է մշակված քաղաքականության և տեխնոլոգիական գործիքի ներդաշնակ աշխատանքը։ Միավորելով երեք կառույցների փորձն ու ջանքերը՝ այս համագործակցությունը նպատակ ունի հզորացնել լրատվամիջոցների կարողությունները և ձևավորել ավելի անվտանգ ու հարգալից առցանց միջավայր։
Ծրագիրը ֆինանսավորվում է Միացյալ Թագավորության միջազգային զարգացման աջակցության շրջանակում՝ ՄԹ կառավարության կողմից և իրականացվում է «Բոլորը հանուն հավասար իրավունքների» հիմնադրամի և «Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ» ՀԿ-ի կողմից՝ «Ուժեղացնելով Արևելյան հարևանության դիմակայունությունը» ծրագրի ներքո, որը համակարգում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտը (IWPR):
