ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՎԱՐԴՈՒՀԻ ՑՈԼԱԿՅԱՆԻՆ ԱՏԵԼՈՒԹՅԱՆ ԽՈՍՔՈՎ ԹԻՐԱԽԱՎՈՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Բոլորը հանուն հավասար իրավունքների հիմնադրամ
21 փետրավարի 2026թ.
Բոլորը հանուն հավասար իրավունքների հիմնադրամը (այսուհետ՝ ԲՀՀԻ հիմնադրամ) անթույլատերլի է համարում առցանց ատելության խոսքի տարածումը և դրա միջոցով մարդկանց թիրախավորումը, հետապնդումն ու հալածանքը՝ ուղեկցվող խտրականության դրսևորմամբ, վիրավորանքով և բռնության կոչով։ Ատելության խոսքի արտահայտման ցանկացած բնույթ և հիմք պետք է ենթարկվի պատշաճ քննության և իրավական պատասխանատվության։
2026թ. փետրվարի 20-ին ԲՀՀԻ հիմնադրամը ծանուցվել է (տես՝ էկրանապատկերներ 1, 2, 3, 4) Գետք բնակավայրի վարչական ղեկավար Նարինե Հարությունյանի կողմից («Գետք Բնակավայր» ֆեյսբուքյան օգտահաշվով) նույն բնակավայրի բնակիչ Վարդուհի Ցոլակյանի թիրախավորման հերթական դեպքի վերաբերյալ։

Հաշվի առնելով առցանց տիրույթում առկա փաստական հիմքերը՝ անձնական նամակագրությունները, հրապարակումների ներքո մեկնաբանությունները,
Դիտարկելով նաև 2024 թվականի ապրիլի 23-ի` Ախուրյան համայնքի ղեկավարի պաշտոնական գրությունն (N1348/24) ի պատասխան Վարդուհի Ցոլակյանի դիմումի՝ առ այն, որ վերջինս շարունակաբար թիրախավորվում և սպառնալիքներ է ստանում Գետք բնակավայրի վարչական ղեկավար Նարինե Հարությունյանի կողմից,
Կարևորելով այն հանգամանքը, որ Վարդուհի Ցո
լակյանի նկատմամբ թիրախավորումը և սպառնալիքները բնակավայրի վարչական ղեկավարի կողմից շարունակվել և իրականացվել է «Գետք Բնակավայր» ֆեյսբուքյան օգտահաշվի կողմից,
ԲՀՀԻ հիմնադրամն իր խիստ մտահոգությունն է հայտնում, մի կողմից, տեղի ունեցածի կապակցությամբ, մյուս կողմից, համայնքապատկան մարմինների անհետևողական և անարձագանք վարքագծի, իրավիճակի կարգավորման ուղղությամբ գործընթացներ չիրականացնելու և էթիկական ու իրավական պատասխանատվության կանչելու գործընթաց չնախաձեռնելու կապակցությամբ։
Դիտարկված հրապարակման մեջ օգտագործված ձևակերպումները պարունակում են կնոջ անձնական կյանքի շահարկման և արժանապատվությունը նսեմացնող ենթատեքստ և ուղերձներ։ Նման բովանդակությունը չի կարող դիտվել որպես պարզապես «անձնական կարծիք», առավել ևս՝ երբ այն հրապարակվում է հանրային նշանակության պաշտոն զբաղեցնող անձի կողմից և համայնքի անունից ներկայացող առցանց հարթակից։ Այս հանգամանքն առաջացնում է ինստիտուցիոնալ պատասխանատվության և հաշվետվողականության լուրջ հարցեր։ Ընդ որում, սա ոչ միայն խախտում է տեղական մի շարք օրենքներ, այլև հանդիսանում է Meta (Facebook) հարթակի օգտագործման դրույթների կոպիտ խախտումներ։


ՀՀ Սահմանադրությամբ մարդու արժանապատվությունը ճանաչվում է որպես բարձրագույն արժեք և ենթակա է պաշտպանության, իսկ բոլոր անձինք հավասար են օրենքի առջև։ Թեև խոսքի ազատությունը երաշխավորված իրավունք է, այն ենթակա է սահմանափակման այն դեպքերում, երբ խախտվում են այլ անձանց իրավունքները, արժանապատվությունը կամ բարի համբավը։ Սեռով կամ անձնական կյանքի հանգամանքներով պայմանավորված հրապարակային թիրախավորումը չի կարող դիտարկվել որպես իրավաչափ արտահայտման ձև և արժանի է իրավական գնահատականի։
Հանրային նշանակության պաշտոն զբաղեցնող անձը պարտավոր է իր լիազորությունների իրականացման ընթացքում պահպանել չեզոքություն, հարգել մարդու արժանապատվությունը և բացառել խտրական կամ նսեմացնող ձևակերպումները։ Համայնքի պաշտոնական հարթակի օգտագործումն արժանապատվությունը խաթարող կամ խտրական բովանդակություն տարածելու նպատակով կարող է գնահատվել որպես լիազորությունների ոչ պատշաճ իրականացում և առաջացնել կարգապահական, իսկ համապատասխան հիմքերի առկայության դեպքում՝ նաև այլ իրավական պատասխանատվություն։
Առցանց տիրույթում կանանց նկատմամբ ատելության խոսքի վերաբերյալ ԲՀՀԻ հիմնադրամի կողմից իրականացրած հետազոտության արդյունքների վերլուծությունը ցույց է տալիս, որ հատկապես հանրային և համայնքային դերակատարում ունեցող կանայք հաճախ ենթարկվում են գենդերային կարծրատիպերի հիմքով խտրականության և թիրախավորման, անձնական կյանքի շահարկման և արժանապատվության նսեմացման փորձերի։
Մենք արձանագրում ենք, որ՝
- խոսքի ազատությունը չի ներառում այլ անձի արժանապատվությունը նսեմացնելու իրավունք,
- համայնքային պաշտոնական հարթակները չեն կարող օգտագործվել խտրական կամ վիրավորական բովանդակություն տարածելու նպատակով,
- կանանց հանրային մասնակցությունը պետք է խրախուսվի և պաշտպանվի, այլ ոչ թե ուղեկցվի թիրախավորմամբ,
- Նման դեպքերի վերաբերյալ համայնքապատկան մարմինները պետք է ձեռնարկեն անհապաղ գործողություններ և այդ մասին զեկուցեն հանրությանը։
Հատկանշական է, որ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կողմից հնչել է հրապարակային արձագանք՝ բարձրացնելով պատասխանատվության և հաշվետվողականության հարցերը։ Մենք կարևորում ենք նման սկզբունքային դիրքորոշումները և համերաշխությունը։
Կոչ ենք անում իրավասու մարմիններին՝
- նախաձեռնել համապատասխան վարույթ և տալ հրապարակման համարժեք իրավական և էթիկական գնահատական,
- ապահովել համայնքային պաշտոնական էջերի պատասխանատու և իրավաչափ օգտագործումը,
- ձեռնարկել կանխարգելիչ քայլեր՝ նմանատիպ դեպքերի կրկնությունը բացառելու նպատակով։
Արժանապատիվ և անվտանգ առցանց միջավայրի ձևավորումը մեր բոլորի պատասխանատվությունն է։
Մենք կշարունակենք հետևել դեպքերի զարգացմանը և սույն հայտարարության խորհրդատվականների իրականացմանը՝ պատասխանատու մարմինների կողմից։
Բոլորը հանուն հավասար իրավունքների հիմնադրամ
2026թ. փետրվարի 21
Last modified:
