1519 ԱՏԵԼՈՒԹՅՈՒՆ

ԿԱՆԱՆՑ ԹԻՐԱԽԱՎՈՐՈՂ ԱՌՑԱՆՑ ԱՏԵԼՈՒԹՅԱՆ ԽՈՍՔԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ.
ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ ԵՎ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ

Պանելային քննարկման հրավեր

Սեպտեմբերի 6, 2024թ․ (13:00), Հոլիդեյ Ինն Երևան – Հանրապետության Հրապարակ (Ամիրյան 2)

«Կոչ կանեի ինքնասպան լինեիր այ կովի քառակուսի, որ մի տղամարդը քեզ կնայի փչացած լկտի»։

Այս և նմանօրինակ այլ 1519 ատելության խոսք պարունակող մեկնաբանություններ, որոնք ուսումնասիրվել են մեր կողմից, բազմաթիվ մեթոդներով օտարում, անջատում, ապամարդկայնացում և կարծրատիպավորում են կանանց՝ հանրային դեմքերին քաղաքական և հասարակական դաշտերում, թիրախավորվում են իրենց հայացքների, արտահայտած մտքերի համար։ Ատելության խոսքի չափաբաժինը հայալեզու առցանց տիրույթում ահռելի չափերի է հասնում։ Դրանք տարբերվում են իրենց բնույթով (թշանամնք, հայհոյանք, բռնության կոչ, վիրավորանք) և հիմքով (գենդեր, սոցիալական կարգավիճակ, կրոն, հաշմանդամություն)՝ խթանելով հասարակության պառակտմանը, մարդկային կերպարի ոչնչացմանը և կարծրատիպերի ամրապնդմանը։

Բոլորը հանուն հավասար իրավունքների հիմնադրամի (ԲՀՀԻ) կողմից «Հզորացնելով կանանց. թվային պաշտպանություն ատելության խոսքի դեմ» ենթադրամաշնորհային ծրագրի շրջանակում իրականացված հետազոտությունը ցույց է տվել, որ ատելության խոսքը Հայաստանում լրջագույն մարտահրավեր է պետության, հասարակության և լրատվամիջոցների համար, սակայն դրանց դեմ պայքարի ուղղությամբ չեն իրականացվում անհրաժեշտ նվազագույն գործողություններ և կողմերից որևէ մեկը չի ստանձնում պատասխանատվություն հաղորդակցության միջավայրի էթիկական նորմերի ապահովման համար։

Հետազոտության շուրջ մեկ տասնյակ բացահայտումները և դրանցից բխող լուծումների 4 ուղղությունները՝ ա) Թվային քաղաքականությունների, բ) Կրթության քաղաքականությունների, գ) ԶԼՄ-ների ինքնակարգավորման և դ) Իրավական բարեփոխումների մասով քննարկվելու են ԲՀՀԻ հիմնադրամի կողմից իրականացված «Հզորացնելով կանանց. թվային պաշտպանություն ատելության խոսքի դեմ» ծրագրի շրջանակներում կազմակերպվող պանելային քննարկմանը։ Պանելային քննարկմանը մասնակցելու են պետական գերատեսչությունների (ԲՏԱ, ԿԳՄՍ, Արդարադատության նախարարություններ, Ազգային ժողով), քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների ներկայացուցիչներ։

Պանելային քննարկմանը մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել կոնտակտային առցանց հայտը՝ մինչև 2024 թվականի սեպտեմբերի 2-ը ներառյալ։

————————
Այս
նախագիծն իրականացվում է «ՀԱՎԱՍԱՐԵՄն հանուն կանանց իրավազորման Հայաստանում» Ծրագրի շրջանակներում՝ ՕքսԵՋեն հիմնադրամի, «Եվրոպական գործընկերություն հանուն ժողովրդավարության» ՀԿի, «Նիդեռլանդների հելսինկյան կոմիտե» ՀԿի, «Կանանց աջակցման կենտրոն» ՀԿի, «ՎԻՆՆԵԹ Գորիս» զարգացման հիմնադրամի կողմից, «Վիննեթ Շվեդիա» ՀԿի հետ համագործակցությամբ։

Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ։

Ծրագրի նպատակն է ստեղծել ներառական և ավելի անվտանգ թվային միջավայր կանանց համար, հատկապես նրանց, ովքեր հանրային դերերում են՝ հասցեագրելով և մեղմացնելով առցանց ատելության խոսքը՝ կանանց հզորացման միջոցով, ներառյալ նրանց կարողությունների զարգացումը, քաղաքականության փոփոխությունների վրա և կարծրատիպերի դեմ պայքարի նկատմամբ ազդեցության մեծացումը:

Last modified: