Հետազոտությունը հասանելի՝ այստեղ։

Տեղեկատվական աշխարհում մարդու կյանքն անխուսափելիորեն իրեն ավելի թափանցիկ է դարձնում պետության և հասարակության համար, ուստի տեղեկատվության գաղտնիությունը պահպանելու ցանկությունը դառնում է ավելի ու ավելի շոշափելի:

Տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների զարգացումը, դրանց ներմուծումը հասարակության և պետության բոլոր ոլորտներ, բազմաթիվ քարտային ինդեքսների թվային ձևի փոխակերպումը մարդկանց ստիպեց մտածել այսօրինակ զգայուն տեղեկատվությունը պաշտպանելու անհրաժեշտության մասին: Նոր տեխնոլոգիաները, մի կողմից, զգալիորեն պարզեցրել են տվյալների հավաքումը, մշակումը, պահպանումը, փոխանցումը, իսկ մյուս կողմից՝ նրանք ստեղծել են դրանց ապօրինի շրջանառության ակնհայտ սպառնալիքներ, ինչը հանգեցնում է անձնական տվյալների իրավունքի խախտմանը:

Անձնական տվյալների պաշտպանության անհրաժեշտության հարցը մնում է արդիական հատկապես այն կազմակերպություններում, որոնք անձնական տվյալների հետ կապված իրենց գործառույթները իրականացնում են նորագույն տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով, ինչպես նաև այն կազմակերպությունները, որոնք օրենքով սահմանված նպատակով և կարգով ձեռք բերելով որոշակի անձնական տվյալներ, դրանք կարողանում են օգտագործել այլ նպատակներով: Օրինակ` բանկերը, վարկային և ապահովագրական կազմակերպությունները, տուրիստական ընկերությունները, կապի օպերատորները, խանութների ցանցերը և այլն:

Եթե անդրադառնանք համացանցին, ապա նկատելի է, որ տարբեր սոցիալական ցանցեր ու մեդիա հարթակներ օգտագործվում են ամբողջ աշխարհի մեծ թվով օգտատերերի կողմից, որոնց տրամադրվում են անձնական տվյալները որոշակի ծառայություններ մուտք գործելու և օգտագործման հնարավորության դիմաց:

Սկսած անուն ազգանունից, անձնագրի տվյալներից, ապրելու վայրից, հեռախոսահամարից, մինչև ընտանիքի անդամների տվյալները, պետք է անձի համաձայնությամբ տարածվեն և օգտագործվեն։ Սակայն, երբեմն անվերահսկելի է դառնում իրավիճակը և անձնական տվյալները օգտագործվում են ոչ օրինական նպատակով:

Անձնական տվյալների պաշտպանության իրավունքի խախտումները և ոտնահարումները կարող են լուրջ սպառնալիքներ առաջացնել նաև երկրի ազգային անվտանգության համար, ուստի շատ կարևոր է, որ անձնական տվյալների պաշտպանությունը պետական հոգածության և ուշադրության ներքո լինի:

Հայաստանում ևս անձնական տվյալների պաշտպանության վիճակը խնդրահարույց է: Ընդ որում, այն խնդրհարույց է մի քանի ուղղություններով. քաղաքացիներն իրազեկված չեն իրենց իրավունքների մասին, պետությունը չի կատարում իր կողմից ստանձնած պարտավորությունները, խախտումների ուղղությամբ չեն իրականացվում վերականգնողական աշխատանքներ, դատաիրավական համակարգը քննում է փոքրաթիվ գործեր` չնայած ամենօրյա ակնառու և կոպիտ խախտումներին։

Այս և նմանատիպ այլ հիմնախնդիրների լուծման համար կարևոր է հանգամանորեն ուսումնասիրել անձնական տվյալների պաշտպանության իրավունքի սահմանադրական երաշխիքները և վեր հանել այն առանձնահատկությունները, որոնք ունի Հայաստանի Հանրապետությունը՝ անձնական տվյալների պաշտպանության իրավունքի իրացման հարցում:

Հետազոտությունը հասանելի՝ այստեղ։

ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ՝ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ

Last modified: