Հոդվածի հղումը՝ Civilnet-ում

Աշխարհում տեղի ունեցող էվոլյուցիոն գործընթացները մշտապես ենթադրում են զարգացում։ Այդ զարգացումը տեղի է ունենում զուգահեռ աշխարհների՝ «բարու» և «չարի» իրողություններում։ Տեխնոլոգիաների զարգացումը, ինչպես նաև նոր կորոնավիրուսով պայմանավորված՝ դրանց ներդրումը մեր առօրյա կյանքում և գործունեությունում մեզ դարձնում են տեղեկատվական հասարակության անբաժան մաս։ Հասարակության յուրաքանչյուր անդամ ունի իր դիրքորոշումն ու դրա ազատ արտահայտման իրավունքը։ Սակայն, այդ իրավունքի իրացումը երևույթների շահարկման և դրանց խեղաթյուրման տեսանկյունից համարվում է չարաշահում։ Օրինակ, երբ օգտվելով մեր ազատ խոսքի իրավունքից՝ կարող ենք տարածել ապատեղեկատվություն, զրպարտել որևէ մեկին կամ ոտնահարել վերջինիս արժանապատվությունը, անձնական կյանքի, անձնական տվյալների գաղտնիության և մի շարք այլ իրավունքներ։

Նման զեղծարարությունները շատ ժամանակ տեղի են ունենում հեղինակավոր մարդկանց կողմից։ Մարդիկ, ովքեր ճանաչված են իրենց ոլորտում, զբաղեցնում են որոշակի դիրք և ունեն ազդեցություն, ինքնուրույն որոշումներ կայացնելու լայն լիազորությունների շրջանակ։

Հեղինակավոր մարդիկ ունեն մի քանի առավելություններ․

✓բավականաչփ լսարան, որը հնարավորություն է տալիս տեղեկատվությունը տարածել ավելի լայն մասշտաբներով, վերջինիսի վրա ազեդցություն ունենալու համար,

✓հեղինակավոր անձի կարգավիճակ՝ ոլորտի փորձագետի քողի ներքո, որը լսարանի վրա արդյունավետ ազդեցության միջոց է։ Օրինակ, եթե դու լավագույն բժիշկն ես կամ իրավաբանը, ապա մարդիկ հակված են հավատալու քո մասնագիտական դիրքորոշմանն ու փաստարկումներին՝ որպես ոլորտից  հասկացող և գիտակ մարդ,

✓ունեն իրենց գործունեությունը տարածելու և պարտադիր ազդեցության մեխանիզմների կիրառման լծակներ։ Օրինակ, պետական աշխատողներ են, ունեն ստորադասներ, ունեն ինֆորմացիայի տարածման ներքին ցանցեր, գտնվում են ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում,

✓և այլն։

Ցավոք, հարկավոր է նշել, որ շատ մասնագետներ իրենց մասնագիտական պարտականությունները կատարելիս կամ պետական պաշտոնյաները՝ իշխանական և ընդդիմադիր թևի ներկայացուցիչներն իրենց պաշտոնի ժամկետներում, երբ համարվում են հանրային դմեքեր և գտնվում են ուշադրության կենտրոնում, կարողանում են իրենց թույլ տալ այնպիսի գործողություններ, որոնց արդյունքում, նախ միախառնում են սեփական կարծիքը մասնագիտականի հետ, երկրորդ, սեփական կարծիքը ներկայացնում են որպես մասնագիտական դիրքորոշում, երրորդ, խոչընդտում են բնականոն ընթացող գործընթացներին՝ դրանց հիմքում ներկայացնելով դավադրություններ։

Նման ելույթներն ու զրույցները պայմանավորված են մի շարք քաղաքական, տնտեսական և սոցիալական պայմաններով, նախկին, ներկա և գալիք իշխանությունների տեղեկատվական և հոգեբանական պատերազմներով, որոնք մղվում են միմյանց դեմ, սակայն որի թիրախը համարվում է ժողովուրդը, որն իրապես օժտված է բարձրագույն որոշումներ կայացնելու իրավունքով։ Եվ երբ հերթը հասնում է ժողովրդի կողմից իրեն պատկանող իրավունքների իրացման պահին (ընտրություններ, հանրագրեր, խաղաղ ցույցեր և այլն), նրանք որոշում կայացնելիս հաշվի են առնում նաև «հեղինակավորների» դիրքորոշումը։

Կոգնիտիվ դիսոնանսի զգացողություն է առաջանում, երբ հասկանում ես, որ մասնագետը կարող է խոսել հակամասնագիտական և հակագիտական դիրքից, երբ նա կարող է մանսագիտորեն և հմտորեն փաստարկել իր դիրքորոշումը, մինչդեռ ակնհայտ կերպով ներկայացնում է իր անձնական վերաբերմունքը իրողությունների հիմքում։ Սա ոչ ավելին է, քան մոլորություն սեփական մտքերի ու իմացած-չիմացածի մասին։ Դա, իհարկե, կարող է ունենալ քաղաքական շարժառիթներ, և այս պարագայում ամեն բան ակնառու է ու բացատրությունների կարիք չունի, մինչդեռ մենք ունենք մեկ այլ դեպք, երբ անհատը կարող է հակասել ինքն իր բռնած ճանապարհին, սակայն անկեղծորեն հավատալ իր ասածներին։ Սա նշանակում է, որ այդ «մասնագետն» իր տեղում չէ և չունի խորքային ընկալումներ ամբողջ երևույթի վերաբերյալ։

Բերենք մի քանի դասական օրինակներ հայաստանյան փորձից․

• Հայաստանի փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը դեմ է  արտահայտվում Ստամբուլյան կոնվենցիայի (Եվրոպայի Խորհրդի կոնվենցիան Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին) վավերացմանը՝ այստեղ։

• Բժիշկ-սեքսոլոգ Նարինե Ներսիսյանը դեմ է արտահայտվում Լանզարոտեի կոնվենցիայի (Եվրոպայի Խորհրդի կոնվենցիան Սեռական շահագործումից եվ սեռական բռնությունից երեխաներին պաշտպանելու մասին) վավերացմանը` այստեղ, այստեղ, այստեղ և այստեղ։

• ՏՏ ոլորտի ներկայացուցիչ և «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության» ղեկավար Կարեն Վարդանյանը կիսվում է կորոնավիրուսի մասին միֆերով՝ գործընթացի մեջ դիտարկելով նաև այլ ՏՏ ներկայացուցիչների, այդ թվում Բիլ Գեյթսին։ Այս մասին կարող եք կարդալ Media.am-ում ներկայացված հոդվածը և ուսումնասիրել Վարդանյանի ֆեյսբուքյան էջն ու գրառումները։

• Նունե Ներսիսյանը, լինելով Երևանի պետական բժշկական համալսարանի շրջանավարտ, «Պարացելսուս» բժիշկների աջակցության կենտրոնի ֆեյսբուքյան էջի հիմնադիր, հանրայնորեն ելույթներ է ունենում COVID-19 համավարակի, դրա դեմ պայքարի ու բացառիկ ճշմարտությունների մասին, որի վերաբերյալ կրկին կարող եք կարդալ հոդված Medmedia.am առողջապահական կայքում և ուսումնասիրել բժշկի ֆեյսբուքյան էջն ու գրառումները։ Ի դեպ, հարկ է նշել, որ այս կայքի գործունեությունը ֆինանսավորում է ԱՄՆ դեսպանատունը։ Կայքի գործողությունները հակասում են ԱՄՆ դեսպանատան առաքելությանն ու ԱՄՆ պաշտոնական դիրքորոշմանը, ինչի մասին բացահայտվել է վերջերս և որի մասին գրել են նաև միջազգային պարբերականներ, ինչպիսին է օրինակ, The Guardian-ը։ Այս պարագայում, արդեն գործ ունենք ավելի հավաքական հակամասնագիտական գործունեության հետ։

• Արդարադատության նախկին նախարար, իրավաբանության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը դեմ է արտահայտվում Ստամբուլյան կոնվենցիայի (Եվրոպայի խորհրդի կոնվենցիան Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին) վավերացմանը՝ այստեղ։ Հետևեք նաև Գևորգ Դանիելյանի ֆեյսբուքյան հաշվին, որտեղ ևս բազում նյութեր կան այս համատեքստում։

• Բժիշկ-նյարդավիրաբույժ Մարինա Խաչատրյանը պարբերաբար անդրադառնում է ՏՏ ոլորտի ներկայացուցիչների կողմից մարդկանց չիպավորմանը, օրինակներ է բերում Իլոն Մասկի հայտարարություններից, մինչդեռ դրանք լիարժեք կտրված են կոնտեքստից և կարիք ունեն ընդլայնման։ Նա նաև ելույթներ է ունենում սեռական կրթության դեմ՝ վերագրելով այն մանկապղծության։ Մարինա Խաչատրյանի գրառումներից անմասն չեն մնացել նաև վերջերս ամենահայտնի «5G» ցանցի մասին միֆերը։

• «ԳԱԼԻԿՅԱՆ» փաստաբանական գրասենյակի տնորեն Գարիկ Գալիկյանը հանրայնոերն դեմ է արտահայտվում մարդու իրավունքներին, ցուցաբերում է բացահայտ ագրեսիա և անհանդուժողականություն սեռական փոքրամասնությունների նկատմամբ՝ կոչ անելով վերջիններիս տրորել և վառել։

• Եվ շատ այլ բազում օրինակներ մեր իրականությունից․․․․

Գիտնականն ու նրա հակագիտական մտքերի արտահայտումը և, առհասարակ, մասնագետի և նրա հակամանսագիտական մտքերի արտահայտումը կմնան մարդկության պատմության խոշորագույն պաարադոքսներից։ Առհասարակ, բազմաթիվ «փորձագետներ»  ի հակադրություն իրենց մասնագիտական չափորոշիչների ու էթիկայի և ի հակադրություն բացահայտ ճշմարտությունների՝ ստանձնում են պարտավորություններ, որոնք բացարձակապես չեն համադրվում իրենց անձնական կարծիքի հետ։ Դավադրություններ հորինողները պիտի լինեն ֆանտաստիկ վեպերի հեղինակներ, վավերագրություններ անողները պիտի մոտ կանգնած լինեն գիտությանը, իրավաբանները՝ իրավաբանությանը, մարդաբանները՝ մարդաբանությանը և ո՛չ հակարժեք ու հակամարդկային երևույթներին։

Ինչ լավ կլիներ, եթե ամեն մարդ իր տեղում լիներ․․․

Last modified: