Թվային անվտանգությունն ու էլեկտրոնային գրագիտությունը մեր օրերում համարվում են առաջնային մարտահրավերներ, որոնց լուծման հարցում հապաղելը կարող է հանգեցնել լուրջ խնդիրների։

Ժամանակակից մեդիամիջավայրում գործիքներն ու մոտեցումներն ամենօրյա փոփոխությունների են ենթարկվում, որոնց իմացությունը շատ կարևոր է, թե՛ օգտահաշիվ ունեցող ցանկացած անձի, թե՛ քաղհասարակության ներկայացուցիչների համար, առավել ևս երբ չեն տարվում համապատասխան աշխատանքներ դպրոցներում ու համալսարաններում։ Այս բացը լրացնելու համար ԲՀՀԻ հիմնադրամը իրականացրեց «Էլեկտրոնային գրագիտության ու թվային անվտանգության դպրոց» ծրագիրը, որի շրջանակներում ապրիլի 23-ին կայացավ Էլեկտրոնային գրագիտության ու թվային անվտանգության մարտահրավերների և դրանց լուծումների վերաբերյալ փակ աշխատաժողով։ Աշխատաժողովին հրավիրված էին Շիրակի մարզում գտնվող և գործունեություն իրականացնող ոչ կառավարական և շահույթ չհետապնդող, մասնավորապես, քաղաքացիական հասարակության կառույցներ (ՀԿ, հիմնադրամ,նախաձեռնող խմբեր, կոալիցիաներ և կոնսորցիումներ), երիտասարդների, կանանց և խոցելի խմբերի հետ աշխատող հաստատություններ/անհատ փորձագետներ։

Աշխատաժողովի ընթացքում քննարկվեցին հետևյալ հիմնահարցերը՝

  • «Աշխարհում և Հայաստանում առկա իրավիճակով պայմանավորված թվային ռիսկերը և դրանց ազդեցությունը հասարակական հիմունքներով աշխատող կազմակերպությունների համար»։
  • «ՔՀԿ-ների կառավարման, փաստաթղթաշրջանառության և հաղորդակցության ուղղություններով թվայի անվտանգության հիմնահարցեր»
  • «ՔՀԿ-ների թվային գրագիտության և թվային անվտանգության ուղղությամբ շահառուների հետ տարվող աշխատանքների, շահառուների իրազեկվածության և արձանագրված անհատական դեպքերի գնահատում»

Աշխատաժողովի բանախոսն էր Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտի ղեկավար, թվային անվտանգության մասնագետ՝ Արթուր Պապյանը, ով աշխատաժողովի մասնակից կառույցների շրջանում տրամադրեց խորհրդատվություն թվային անվտանգության և առկա ռիսկերը մեղմացնելու վերաբերյալ։

Աշխատաժողովի ընթացքում մասնակից կառույցները հնարավորություն ունեցան խոսել իրենց մոտ առկա թվային անվտանգության խնդիրների վերաբերյալ, ուղղեցին իրենց հուզող հարցերը, ստացան խորհրդատվություն, ինչպես նաև եղավ  անդրադարձ թվային տվյալների պահպանման ֆիզիկական անվտանգության և վերահսկման մեխանիզմներին։ Անհատական մակարդակում մասնակիցները լրացրեցին հարցաշար, որի միջոցով իրականացվելու է կառույցների թվային անվտանգության և շահառուների թվային գրագիտության ուղղությամբ իրազեկվածության վերաբերյալ նախնական աուդիտ։

Աշխատաժողովի մասնակից կազմակերպությունների ղեկավարները կնքեցին հուշագիր թվային անվտանգության ուղղությամբ համագործակցության ոչ ֆորմալ ցանցի ստեղծման նպատակով։

Last modified: