«Բոլորը հանուն հավասար իրավունքների» հիմնադրամը, կարևորելով ժողովրդավարական հասարակության մեջ հավաստի տեղեկատվության և պատասխանատու հանրային հաղորդակցության դերը, 2026 թվականի փետրվարի 5-ին պաշտոնապես միացել է ԶԼՄ-ների ինքնակարգավորման նախաձեռնությանը։
Լինելով մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություն՝ մենք գիտակցում ենք, որ մեդիա միջավայրի առողջացումն ու էթիկական նորմերի պահպանումն ուղղակիորեն ազդում են քաղաքացիների իրավագիտակցության և որոշումների կայացման գործընթացի վրա։ Այսուհետ մեր կայքում տեղադրված «Էթիկայի նշանը» խորհրդանշում է հիմնադրամի հանձնառությունը՝ գործելու բացառապես թափանցիկության և մասնագիտական բարեվարքության տիրույթում։
Հանրային հարթակներում տարածվող ցանկացած բովանդակություն պետք է լինի փաստահեն, զերծ մանիպուլյատիվ տարրերից և ատելության խոսքից։ ԲՀՀԻ հիմնադրամն իր գործունեությամբ նպաստում է մեդիայի զարգացմանը, թվային իրավունքների պաշտպանությանը և մեդիագրագիտության բարձրացմանը։ Մեզ համար առանցքային է, որ տեղեկատվական հոսքերը լինեն ներառական, զերծ ատելության խոսքից և չթիրախավորեն հասարակության խոցելի խմբերին, ինչն էլ հանդիսանում է սույն նախաձեռնության հիմնաքարերից մեկը։
Ինքնակարգավորման այս համակարգին անդամակցելով՝ մենք ընդունում ենք ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմնի իրավասությունը՝ քննելու մեր հանրային հաղորդակցության համապատասխանությունը Կանոնագրի դրույթներին։ Սա լրացուցիչ քայլ է՝ ուղղված հիմնադրամի հաշվետվողականության և թափանցիկության ամրապնդմանը մեր շահառուների, գործընկերների և լայն հանրության առջև։ Մենք հավատացած ենք, որ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներգրավվածությունը նմանօրինակ նախաձեռնություններում էապես կնպաստի Հայաստանում տեղեկատվական անվտանգության ապահովմանը և ավելի պատասխանատու հաղորդակցության մշակույթի ձևավորմանը։
Միասնական ջանքերով մենք ձգտում ենք ստեղծել միջավայր, որտեղ տեղեկատվությունը ծառայում է բացառապես հանրային շահին և ժողովրդավարական արժեքների զորացմանը։
ԶԼՄ-ների ինքնակարգավորման նախաձեռնությանը կարող եք ծանոթանալ այստեղ՝ mediaethics.am
Last modified:
